Ինչպիսի՞ հակահանրային ջերմախտով պետք է տառապի որևէ հեռուստաընկերության սեփականատերը (ավելի ստույգ՝ նրա սեփականատիրական կրքերը կառավարող անհայտ- տիկնիկավարը), որ հեռուստաէկրանն անդուլ եռանդով վերածել է հասարակաց տան բաղնիքի։ Հատուկ եմ նշում սեփականատիրոջ մասին, զի ոչ հեռուստաընկերության տնօրենը, ոչ էլ խմբագրակազմն ու ստեղծագործական խումբը չեն որոշում իրենց պատասխանատվությանը հանձնված հեռուստաեթերի ո՛չ բարոյագեղագիտական, առավել ևս ո՛չ էլ սոցիալ-բարոյական բևեռումների չափն ու կշիռը։ Այս ամենը քաջ հայտնի է և, ցավոք, մեր հանրային կյանքում տեր ու տնօրեն է դարձել անկախ (արդյո՞ք անկախ) պետականության հաստատմամբ։ Անդրադառնամ միայն մի ստորաքարշ զավեշտախաղի։ X հեռուստաընկերության կիզակետային հեռուստաժամն է, այսինքն, լրատվությունն է էկրանին գամել բազմահազարանոց լսարանը, աշխարհում և Հայաստանում ամեն պահի նոր իրավիճակ է, աշխարհը, թերևս, իր պատմության ամենաօրհասական ժամերից մեկն է ապրում, Հայաստան աշխարհն անդնդախոր կիրճի եզերքին է տարուբերվում։ Կա՛մ գահավիժելու է, կա՛մ երերալով, մեջքը շտկելով մնալու է կիրճից վեր։ Մի խոսքով՝ լրատվությունն ընդհատվում և գովազդային դագանակն է իջնում ճիշտ հոնքամիջիդ, պղտորում է միտքդ՝ հիգիենիկ փաթեթների գովքն է հեռուստաեթերում, բոլոր կենսաբանական մանրամասների «հավուր պատշաճի» ներկայացմամբ։ ՈՒ սա ընտանիք է մտնում, ներկա հայ ընտանիք, ուր մի սեղանի շուրջը բոլորած-նստած են պապ ու թոռ, մայր ու դուստր, հայր ու որդի։
Բայց, գրողը տանի, ինչպիսի՜ տխմար շանորդիությամբ է տառապում այս ամենի առաջ կանաչ լապտերներ վառած Հայաստանի Հանրապետության օրենքը գովազդի մասին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ